Էջմիածնից զորակոչված ժամկետային նախկին զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանը, ում  աչքը շղթայի հարվածով  ենթասպան վնասել էր, չի կարողանում աշխատանք գտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Ավետիսյանի մայրը` Աննա Ավետիսյանը:

Մայրը նշեց, որ Նարեկը շատ է ցանկանում աշխատել, բայց դեռ տանն է եւ ոչ մի բանով չի զբաղվում: «Աչքի պատճառով իրեն ծանրաբեռնված աշխատանք չի կարելի: Ծանրություն վերցնել չի կարելի: Ցանկանում է համակարգչային ծրագրերի վրա աշխատել, սակայն դեռ փնտրտուքները արդյունք չեն տվել: Եթե արձագանքեն, աշխատանքի տեղավորվի, դա իր վրա դրական կազդի»,- ասաց տիկին Աննան եւ ավելացրեց, որ թեեւ որդին ավարտել է Սուրբ Թերեզայի բժշկական քոլեջի ատամնատեխնիկական բաժինը, բայց մասնագիտության գծով չի կարող աշխատել, քանի որ տեխնիկի աշխատանքը փոշոտ, կեղտոտ է,  ինչը իրեն չի կարելի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանի աչքը շղթայի հարվածով վնասած ենթասպա Արմեն Թովմասյանին Սյունիքի մարզի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Սույն հոդվածով առավելագույն պատիժը 7 տարի էր:

Արմեն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ  վերջինս հանդիսանալով թիվ N զորամասի ճաշարանի պետ-խոհարար հրահանգիչ, 2011թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում զորամասի ճաշարանի սրահում մեկ անգամ բռունցքով հարվածել էր նույն զորամասի ինժեներա-սակրավորական վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին, այնուհետեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ քաշել նրան եւ  հայհոյելով իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով մեկ անգամ հարվածել էր վերջինիս դեմքին` պատճառելով աջ աչքի ծանր մարմնական վնասվածք: Նարեկ Ավետիսյանին տեղափոխել էին Երեւան եւ վիրահատել: