21-ամյա Սամվել Կ.-ի եւ Փայլակ Ա.-ի միջեւ աղջկա պատճառով դանակահարություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Փայլակ Ա.-ն դանակահարվել է: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

21-ամյա Սամվելին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 21:30-ի սահմաններում, համագյուղացի Փայլակի կանչով գնացել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղից դեպի Մերձավան գյուղ տանող ճանապարհ, որտեղ նրանց միջեւ վեճ է ծագել: Փայլակը պարզաբանումներ է պահանջել, թե ինչու է վերջինս զանգահարել իր ընկերուհուն՝ ոմն Մարիամի: Սամվելը վիճաբանության ժամանակ անհարգալից արտահայտություն է արել աղջկա հասցեին, եւ Փայլակը ձեռքում եղած «Կիլիկիա» տեսակի գարեջրի լիքը շշով հարվածել է իր գլխին: Դրանից հետո Սամվել Կ.-ն քննությամբ չպարզված կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է Աղամիրյանի որովայնի ձախ շրջանին եւ դիմել է փախուստի`Փայլակի առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Սամվել Կ.-ն մեղադրվում է ՀՀ քր.օրի 112 –րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Օգոստոսի 15-ին գործը ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: