55-ամյա  Հովհաննես Ն,-ն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով իր վարձակալած բնակարանում ազատությունից զրկել է Հրաչ Բ.-ին: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

55-ամյա  Հովհաննես Ն.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով իր վարձակալած Երեւանի Ներքին Շենգավիթ 5-րդ փողոցի տներից մեկում ձեռքերը եւ ոտքերը կապել ու շուրջ 1 ժամ ժամանակով ապօրինի ազատությունից զրկել է Հրաչ Բ.-ին:

Հովհաննես Ն.-ը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով` մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առեւանգելու հետ կապված չէ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել օգոստոսի 13-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: