Եգիպտոսը Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին՝ ի պատասխան Անկարայի գործողությունների, որն ավելի վաղ Կահիրեից հետ էր կանչել իր դիվանագիտական ներկայացուցչին։

Կահիրեում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել Եգիպտոսում օգոստոսի 14-15-ին տեղի ունեցած խռովություններից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոս ԱԳՆ-ն։ Ավելի ուշ եգիպտական լրատվամիջոցները հայարարել էին, որ Անկարայում Եգիպտոսի դեսպանը նույն նպատակով է հետ կանչվել։

Associated Press-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ արեւմտյան երկրներին մեղադրել էր Կահիրեի դեպքերի հանդեպ անտարբերության մեջ եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին արտակարգ խորհրդակցություն հրավիրելու կոչ արել։ Բացի այդ, Ստամբուլում օգոստոսի 14-ին Եգիպտոսի պաշտոնանկ նախագահին զորակցող ցույցեր են տեղի ունեցել, գրում է lenta.ru-ն։

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին զինվորականների կողմից պաշտոնանկ էր արվել 2013թ. հուլիսի 3-ին։ Թուրքիան, որը Մուրսիի օրոք լավ հարաբերություններ ուներ Եգիպտոսի հետ, դատապարտել էր երկրում կատարված իշխանափոխությունը՝ այն որակելով որպես ռազմական հեղաշրջում։