Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի համար Սամվել Շառոյանի մասին NEWS.am-ի հրապարակումը սառը ցնցուղ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Թամարա Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ավագանու անդամին տեսել է մոտ մեկ ամիս առաջ, անդամներն այժմ արձակուրդի մեջ են, իսկ ինքը` որպես խմբակցության ղեկավար, աշխատում է: «Ես համարում եմ, որ այս հարցերը պարզաբանման կարիք ունեն, փաստն այն է, որ կան որոշումները: Ես հանձնարարել եմ ինչ-որ ձեւով իրեն գտնել, ասել, որ ինձ հետ կապի մեջ դուրս գա, որովհետեւ որպես խմբակցության ղեկավար` պարտավոր եմ իր հետ զրուցել, ճշտել, լսել իր հիմնավորումներն ու մեկնաբանությունները: Դրանք քաղաքացիական փոխհարաբերություններ են, բայց այդ հարցի բարոյական կողմն է ինձ համար ավելի բարձր, քան նրանց փոխհարաբերությունները: Տվյալ պահին հանձնարարել եմ ավագանու մյուս անդամներին, որ ով կարող է տեղեկություն ստանալ, որպեսզի կարողանամ կապ հաստատել: Որպես ավագանու անդամ` ինձ համար դա ունի բարոյական պատասխանատվության խնդիր»,- ասաց Թամարա Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ երբ մեկ ամիս առաջ տեսել էր Սամվել Շառոյանին, նա ասել էր, որ չկա  նման բան, լուրջ բան չէ, իսկ խմբակցության ղեկավարը ասել էր. «Տղա ջան, այնտեղ, որտեղ քո անունը կա, արդեն լուրջ բան է, անկախ նրանից` բովանդակությունը ինչպիսին է, արդեն մտահոգում է ինձ: Ես խնդրում եմ բոլոր իրավական գործընթացների մասին տեղեկացնել, վերջին անգամ մեր խոսակցությունը եղել է, դրանից հետո չեմ տեսել»:  Այդ ժամանակ Սամվել Շառոյանը ասել էր նաեւ, թե «ոչ մի խնդիր չկա, հարցեր կան, փորձում են կարգավորել, եւ ինքը չի սպասել նման հետեւանքներ,մտածել է, թե՝ ո՞ւմ հետ խնդիրներ չի առաջանում, կկարգավորվեն, վստահել է  նրա բանավոր հայտարարությանը»:

Թամարա Պողոսյանը նշեց, որ Սամվել Շառոյանի հեռախոսահամարին զանգահարում է, սակայն վերջինս չի պատասխանում: Նա չի էլ ցանկանում իր հեռախոսահամարից զանգահարել, քանի որ իր հեռախոսահամարը ավագանու անդամը գիտի: «Ինձ հարկավոր է, որ իր մերձավորները զանգեն, բնականաբար, տեղեկացված է, որ մամուլում հայտարարված է, չեմ ուզում իմ հեռախոսահամարով զանգել, որովհետեւ գիտի: Հանձնարարել եմ իր բոլոր ընկերներին, ծանոթներին, տեղեկացնել նրան, որ ես սպասում եմ իր զանգին եւ այցելությանը խմբակցություն»,- ասաց Թամարա Պողոսյանը:

Նա ձեռնպահ մնաց Սամվել Շառոյանի մասին «որեւէ երաշխավորական բան» ասելուց: Խմբակլցության ղեկավարը կարծում է, որ  Սամվել Շառոյանը ոչ թե կանխամտածված ինչ-որ գումար է շորթել, այլ պարզապես վերցրել է եւ չի կարողացել վճարել: Թամարա Պողոսյանը նշեց, որ այս հարցը կքննարկեն խմբակցությունում, իսկ կպատժեն ավագանու անդամին, թե ոչ, պարզ կլինի հետագա զարգացումներից:

Նա սպասում է Սամվել Շառոյանի բացատրությանը, մեկնաբանությանը կատարվածի վերաբերյալ, որից հետո կորոշի իր քայլերը լիազորությունների շրջանականերում:  «Ամեն ինչը պետք է իրավաչափ լինի` իրավական, բարոյական,քաղաքական առումով, միայն ուսումնասիրելուց հետո մենք կկարողանանք գնահատականներ տալ, քաղաքացիական հարաբերություններ են իրավական դաշտում, թող ամեն ինչ բարին լինի, երկու կողմին էլ զորակցություն եմ հայտնում, հարաբերությունները պետք է շփվելով, հանդիպելով ճշտել, փախչելով ոչ մի հարց չի լուծվում: Ինձ համար իսկապես սառը ցնցուղ էր, ոչ մի միտում չունեմ դա արդարացնելու կամ թաքցնելու»,- փոխանցեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանի նկատմամբ  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հետախուզում է հայտարարել: 

Բանն այն է, որ քաղաքացի Գեւորգ Թումասյանի եւ Սամվել Շառոյանի միջեւ 2009թ պարտավորագիր է ստորագրվել, ըստ որի`  Սամվել Շառոյանը իրենից պարտքով վերցրել է 10 միլիոն դրամ եւ պարտավորվել չվերադարձնելու դեպքում իրեն պատկանող թռչնանոցը տալ: Պարտքի վերաբերյալ են պայմանագիր կնքել, քանի որ թռչնանոցը պետական գրանցում չուներ, սակայն այդպես էլ ոչ գումարը, ոչ թռչնանոցը քաղաքացին չի ստացել: Դրանից հետո սկսվել է դատական գործընթացը, որը տեւել է տարիներ: Դատարանը վճռել է, որ Սամվել Շառոյանը պետք է վերադարձնի քաղաքացու պարտքը, սակայն որոշումը ուժի մեջ մտնելուն պես, Գեւորգ Թումասյանի փոխանցմամբ, նա օտարել է իր գույքը. նվիրատվություն է արել ուրիշներին, որպեսզի խուսափի գումարը վճարելուց:  Եւ երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գնացել է գումարը պահանջելու, նա միանգամից  դուրս է եկել տան գրանցումից եւ ասել, որ ոչինչ չունի, միայն հագուստն է: Գեւորգ Թումասյանը «ոչ գումարի, ոչ թռչնանոցի տերն է»: «Սամվել Շառոյանն էլ խուսափում է թռչնանոցը պետական գրանցել, քանի որ ԴԱՀԿ-ն միանգամից այն կվերցնի:

Այժմ ԴԱՀԿ որոշում է կայացրել, որի մեջ նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, հետեւաբար` որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: