Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն արձագանքել է երեկ ԱԺ-ում իր հասցեին Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցրած սուր գնահատականներին:
«Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա „Բարգավաճ Հայաստան“ կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի նախագահն ու վարչապետը»,- ասել է Ներսես Երիցյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով Ներսես Երիցյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում ճգնաժամն ավարտված է, ասել էր. «Այսօր աշխարհով մեկ ոչ մեկը չի ասել, թե տնտեսական ճգնաժամն ավարտված է: Դեռ հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ լինի: Այն պետությունները, որ 4 տոկոս, 6 տոկոս անկման տեղը աճ են ունեցել, դեռ չեն համարձակվում նման բան ասել: Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, սակայն, հայտարարեց, թե Հայաստանում տնտեսական ճգնաժամն ավարտվել է արդեն:
Ուզում եք նորից կրկնեմ` ինքը տեղում չի եղել ու չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ տնտեսական վիճակին: Սա՞ էիք ուզում: Ես ինչ որ ասել եմ, իմ ասածները բարձրաձայն ասելու եմ»: Իսկ հարցին, թե արդյո՞ք այդ մասին նա ասել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, ԲՀԿ առաջնորդը պատասխանել էր. «Սերժ Սարգսյանը դա գիտի, եւ համապատասխան քայլեր ինքը կկատարի: Նորից եմ ասում` ամեն ինչ չի կարելի Սերժ Սարգսյանի վրա թողնել»:


























