Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին, որը Երեւանում է գտնվում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ հասարակայոնթւայն հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ ղեկավարները մանրամասն քննարկել են հայ-սերբական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Յերեմիչը նշել է, որ ՀՀ նախագահի հրավերով Սերբիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է, որ Սերբիան շահագրգիռ է էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Յերեմիչը շարունակել են այս տարվա հունիսին Մադրիդում սկսված երկխոսությունը Կովկասում եւ Բալկաններում վերջին զարգացումների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: Վուկ Յերեմիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է այցելել Բելգրադ` Հայաստանի եւ Սերբիայի նախագահների հանձնարարությամբ շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական երկխոսությունը:



























