Մարտի 15-ին ժամը 17.45-ին Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետից ահազանգ է ստացվել, որ գրանցված ուժեղ քամու հետևանքով պոկվել է քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկի պատշգամբի տանիքը, և անցորդներին վտանգ է սպառնում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով 6 քմ մակերեսով տանիքն ապամոնտաժվել է և իջեցվել:
Նույն օրը ժամը 17.50-ին Արագածոտնի մարզի Լուսագյուղում գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են 4 տան և 3 անասնագոմի տանիքներ` 30-40 քմ-ական մակերեսներով, մասնակիորեն վնասվել է գյուղապետարանի շենքի տանիքը: Իսկ ժամը 20-ի սահմաններում գրանցված քամու հետևանքով վնասվել է մարզի Ռյա թազա գյուղի դպրոցի տանիքը` մոտ 900 քմ մակերեսով: Վնասվել են նաև էլեկտրասյուներ, կտրվել են հոսանքալարեր, ինչի հետևանքով հոսանքազրկվել են` Ռյա թազա, Դերեկ, Գեղաձոր, Օրթաճյա և Ծաղկահովիտ գյուղերը:
Դերեկում հեղեղաջրերը լցվել են գյուղը սպասարկող էլեկտրական ենթակայանը:
Նույն օրը ժամը 19.42-ին և 22.03-ին ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով պոկվել և կախվել են Երևան քաղաքի` համապատասխանաբար Դավիթ Անհաղթի 10-րդ շենքի և Ֆանարջյան փողոցում գտնվող Ուռուցքաբանության ինստիտուտի տանիքների ծածկերը, ինչի հետևանքով անցորդներին վտանգ է սպառնում: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով պոկված ծածկերն ամրացվել են:



















