«Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը բավականին արագացել է. դրա պատճառը արտաքին խթանների լուրջ դերակատարությունն է»,- մարտի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նշելով, որ 2008 թ. հետո ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում նոր մոտեցումներ չորդեգրեցին, եւ բանակցային գործընթացը շարունակվեց այն հունով, ինչ նախորդ երկու նախագահների օրոք, նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են մեր իսկ պետական շահերին։ «Փոխարենը բավականին հետաքրքրական են մի շարք հայ քաղաքական գործիչների՝ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում արած հայտարարությունները Շահումյանի, Մարտունու եւ Մարտակերտի օկուպացված շրջանների վերադարձի մասին»,- նկատեց Ա. Մելիքյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ այդ տարածքների մասին խոսելն արդեն իսկ ուշացած է եւ անարդյունավետ. «Քանի դեռ միջազգային հանրությունը Հայաստանը կդիտի իբրեւ „ագրեսոր“ երկիր, այդ տարածքները կհամարվեն ադրբեջանական»։ ԼՂՀ նախկին արտգործնախարարի խոսքով, հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ ոչ ոք չի հիշում ադրբեջանահայ փախստականների մասին, մինչդեռ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մինչեւ ադրբեջանցիները չվերադառնան Ղարաբաղ, նրա կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է։

Անդրադառնալով ԵԱՀԿ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունն աննպատակահարմար է, Ա. Մելիքյանը նշեց, որ դա, գուցե, աննպատակահարմար է միայն վերջինիս համար. «Բայց եթե գա մի օր, երբ Ղարաբաղը հայտնվի բանակցային սեղանի շուրջ, չի բացառվում՝ Հայաստանը ցանկանա, որ Ղարաբաղն ինքնակամ հանձնի տարածքները։ Բանակցությունների այս տրամաբանությամբ այլ կերպ հնարավոր չէ»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանն այժմ «բավական անօգնական վիճակում է»։ Նախկին պաշտոնյայի խոսքով, դրա մասին վկայում են նաեւ եվրոպացի գործիչների հաճախակի այցերը մեր երկիր, ինչն էլ խոսում գործադրվող ճնշումների մասին։

Ամփոփելով՝ Ա. Մելիքյանը նկատեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծման տեսակետից խիստ կարեւոր են նաեւ ռուս-թուրքական սերտացող հարաբերությունները։ Նրա համոզմամբ, Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը «հղի է տարածքներ հանձնելու վտանգով, քանի որ ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի կազմավորմանը զուգահեռ՝ ռուսները Ղարաբաղի հարցում, անշուշտ, հօգուտ Ադրբեջանի պետք է զիջումների գնան կամ զիջումներ պարտադրեն մեզ»։