Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 15-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովում անդրադարձել է Թուրքիայի ռազմավարությանը՝ տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված կամ ընդունվելիք հայկական նախագծերի դեմ։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն դեմ է հանդես եկել հայ-թուրքական արձանագրությունների ետ կանչմանը խորհրդարանից՝ ասելով. «Նման մտադրություն չունենք։ Արձանագրությունները այս պահին մեր համար կարեւոր գործիք են։ Արձանագրությունները որպես զսպման միջոց ենք օգտագործում»։

Թուրքիայի ԱԳ ղեկավարը մերժել է նաեւ ընդդիմության առաջարկները՝ վտարել Թուրքիայում ապօրինի ապրող 70 հազար հայաստանցիներին։ «Այդպիսի բան եթե անենք, մեր դեմ հանդես եկող երկրներին հնարավորություն կտանք այն մեր դեմ որպես հաղթաթուղթ օգտագործել։ Բոլոր երկրների թերթերը կհրապարակեն երկրից վտարված հայերի լուսանկարները։ Ռասիստական տեսարան կդառնա եւ Թուրքիան ավելի դժվար կացության մեջ կհայտնվի»,-նշել է Դավութօղլուն։

Ահմեդ Դավութօղլուն հավանության չի արժանացրել նաեւ Թուրքիայում տեղակայված ամերիկյան Ինջիրլիքի ռազմաբազայի փակումը՝ նշելով, որ եւ PKK-ի եւ ահաբեկչության դեմ կա ակտիվ համագործակցություն ԱՄՆ-ի հետ,եւ հնարավոր չէ դա որպես գործիք օգտագործել ԱՄՆ-ի դեմ։

Փաստորեն Դավութօղլուն անձամբ բացահայտեց Թուրքիայի կեղծ բարի կամքի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերի իմիտացոն լինելու բնույթը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան բարի կամք է դրսեւորում, որ չի վտարում անօրինական ապրող հայաստանցիներին, իսկ Դավութօղլուն շատ պարզ արտահայտեց Թուրքիայի իրական նպատակները։ Ինչպես նաեւ Դավութօղլուն հասկացրեց, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է կարեւոր, ոչ թե արդյունքը։