Մարտի 11-ին Հռոմի կենտրոնական «Լա Սապիենցա» համալսարանի ռեկտոր Լուիջի Ֆրատիի հրավերով համալսարանում տեղի է ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի դասախոսությունը «Հայաստանն այսօր» թեմայով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել «Լա Սապիենցա» համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը, որն իր ելույթում հատուկ ընդգծել է այն հանգամանքը, թե Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը առաջինն է, որ ներկայացվում է համալսարանի ուսանողությանն ու դասախոսական կազմին՝ դեսպանի մակարդակով:

Այնուհետեւ, մինչ դեսպան Կարապետյանի ելույթը, ներկաներին ցուցադրվել է վերջերս իտալական «MEDIASET» հեռուստաընկերության կողմից պատրաստված Հայաստանի վերաբերյալ տեսաֆիլմը:

Դեսպանի դասախոսությունը հիմնականում կենտրոնացել է ՀՀ անկախությունից ի վեր երկրում տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաեւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերի վրա:

Դասախոսությունից հետո դեսպան Կարապետյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են արցախյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի` ԵՄ ինտեգրացման գործընթացներին ու հայ-իտալական համագործակցությանը: