ԱՄՆ-ում ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը: Նա որպես ՀՀ հյուպատոս պաշտոնավարել է 1999-2003 թվականներին: Նախկին դիվանագետը եւ եւս 4 մարդ մեղադրվում են միգրանտներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ, որոնցով նրանք խուսափել են երկրից արտաքսումից: Մեկ այդպիսի փաստաթուղթը արժեցել է 35 հազար ամերիկյան դոլար:
ԱՄՆ-ի միգրացիայի եւ մաքսային ստանդարտների գործակալության երկամյա հետաքննության արդյունքում պարզվել է, որ կեղծ փաստաթղթեր ստացած մարդկանց մի մասը, մեղադրվում են քրեական հանցագործություններ կատարելու մեջ: Ներկայումս Լոս Անջելեսում Հայաստանի գործող հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն ասել է, որ ցնցված է տեղի ունեցածով: Նշենք, որ ձերբակալված 5 հոգին էլ հայեր են: Բացի Նորայր Ղալումյանից մյուս ձերբակալվածներն են. Հակոբ Հովհաննիսյանը` ՀՀ հյուպատոսության նախկին աշխատակից, Օգանես Նարդոսը, Մարգարիտա Մկրտչյանը եւ Էլվիս Մադաթյանը: Այս մասին գրում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթը:



























