Իմ այցը Հայաստան փաստում է Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Մարտի 16-ին Հայաստան կատարած այցելության ժամանակ հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը, ով եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։
Պատրիարքի կարծիքով, նմանատիպ այցելությունները կարեւոր նշանակություն ունեն, եւ երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունների զարգացման խթան կարող են լինել։
Հին Առաքելական ավանդույթներին պատկանող եկեղեցիների այցելությունները, նրա խոսքով, պետք է ներդրում լինեն երկու երկրների ինչպես նաեւ ողջ աշխարհի արժեքների պահպանման եւ պաշտպանության գործում։
«Ուրախ եմ, որ ոտք դրեցի այս օրհնյալ եւ բազմաչարչար հողի վրա»,-նշել է Պատրիարքը։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում կայացել է Համայն Ռուսիո պատրիարքի բարիգալստյան արարողությունը։
Այնուհետ Ռուսիո պատրիարքը ծաղկեպսակ է դրել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանին։
Չորեքշաբթի Պատրիարքը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։



























