Հունիսի 19-ին Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Արմենական ռամկավար-ազատական» անունը կրող նոր կուսակցության հիմնադիր համագումարը, որն էլ հիմք է տալիս կարծելու, որ ավանդական ՌԱԿ-ը հերթական պառակտումն է գրանցում իր պատմության մեջ:
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ ամենին հանգիստ է վերաբերվում՝ հավաստիացնելով, որ նոր կուսակցության նախաձեռնողները վեց տարի առաջ վտարված են եղել իրենց կուսակցությունից: «Կուսակցություն են ստեղծում, թե գրքասերների միություն, նրանք ՌԱԿ-ի անդամ չեն, եւ այս ամենը ներկայացնել որպես պառակտում, ուղղակի ծիծաղելի է»,- արձանագրեց Հ.Առաքելյանը: Վերջինս նաեւ նկատեց, որ ՀՌԱԿ-ի շուրջ գործընթացները սկսվեցին դեռ անցյալ տարվա վերջին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ակտիվացրեց իր գործունեությունը եւ փորձեց իրենով անել Ռամկավար-ազատական կուսակցությունը: Սակայն փետրվարին տեղի ունեցավ ՀՌԱԿ-ի համագումարը, որտեղ Հարություն Առաքելյանը կրկին 2 տարի ժամկետով ընտրվեց ՀՌԱԿ ատենապետ: Իսկ արդեն մայիսին Հորդանանում տեղի ունեցավ ՌԱԿ-ի աշխարհասփյուռ կառույցների համագումարը, որտեղ Հարություն Առաքելյանն ընտրվեց ՌԱԿ փոխատենապետ: «Ողջ աշխարհով մեկ դեսպանները, հյուպատոսները, նաեւ կղերականները լծված էին այդ համագումարը խափանելու գործին: Մի վայնասուն էր բարձրացվել, որ այդ համագումարը տեղի չունենա, բայց ՌԱԿ-ն ապացուցեց, որ կուսակցություն է, որքան էլ հանգիստ է, որքան էլ հեռու է ծայրահեղականությունից: Հունիսի 19-ին Թեքեյան կենտրոնում այդ աշխատանքային ժողովը քաղաքագիտության տեսանկյունիս տգետ, իսկ պատմական տեսանկյունից՝ պիղծ քայլ էր ՌԱԿ-ի դեմ»,- ազդարարեց Հարություն Առաքելյանը: ՀՌԱԿ ատենապետը չհամաձայնեց մեր դիտարկմանը, թե կուսակցությունը բավական պասիվ դիրք է որդեգրել. «Որպես արտախորհրդարանական կուսակցություն՝ ՀՌԱԿ-ը երբեք պասիվ չի եղել: Այո, ՀՌԱԿ-ն իր լրատվամիջոցը չունի, քանի որ իրենք գողացան այդ լրատվամիջոցն ու վաճառեցին Արա Աբրահամյանին (նկատի ունի „Ազգ“ օրաթերթը- խմբ.): Ես ինքս էլ 100 տոկոսով բավարարված չեմ, բայց նույնիսկ այն պայմաններում, երբ վեց տարի իրենց խառնակիչ գործունեությունը չի դադարել, անգամ անձնական վիրավորանքներ են հասցրել, ՀՌԱԿ-ը կարողացավ ձեռք բերել Սփյուռքի վստահությունը»: Կուսակցությունը երիտռամկավարների բանակումներ է կազմակերպում, ակտիվորեն աշխատանք տանում Սփյուռքի կառույցների հետ: Ւսկ ներքաղաքական կյանքում ընդդիմադիր գործունեություն են ծավալել: «Սերժ Սարգսյանի թեկնածությունը չենք պաշտպանել: Փորձել ենք անցած վեց տարիների ընթացքում մաքրվել 91-ից կուսակցությանը կպած պնակալեզի պիտակից»,- նշեց ՀՌԱԿ ատենապետը: Մինչդեռ «Արմենական» ՌԱԿ-ը լիովին տեղավորվում է իշխանական նախագիծ որակման մեջ, անգամ Սերժ Սարգսյանը ողջույն հղեց նոր կուսակցության նախաձեռնողներին: Հ.Առաքելյանը, անդրադառնալով այդ փաստին, նշեց, թե չի ցանկանում մեղադրել Սերժ Սարգսյանին. «Ես կմեղադրեի նրա խորհրդականներին, որ ծառայում են վարչապետին: Ովքե՞ր են խորհրդատուները: Ինչ տեղեկություն են տալիս, որ նման քայլեր է կատարում իմ երկրի նախագահը»:
Հ.Առաքելյանը նաեւ կասկած հայտնեց, թե նոր կուսակցությունը կարող է եւ չգրանցվել, քանի որ խախտել է «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքը՝ գողանալով եւ ՀՌԱԿ-ի եւ «Արմենական» երիտասարդական միության անունները, ժողովը իրականացրել են օրենքի այլ դրույթների խախտումներով: «Խոսել նրանց մասին որպես կուսակցություն, ծիծաղելի է»,- բարձրաձայնեց Առաքելյանը:
Ի դեպ, ՀՌԱԿ ատենապետը նաեւ անդրադարձավ նորաստեղծ կուսակցության ղեկավար կազմին եւ նշեց, որ նրանք պետության կողմից կաշկանդված մարդիկ են եւ չեն կարող իրենց թույլ տալ քննադատել իշխանություններին: «Եթե ՀՌԱԿ-ը բարձրաձայնում է վարչապետի գանձագողության մասին, իրենք հաստատ որեւէ նման քայլ չեն կարող անել»,- ասաց ՀՌԱԿ ատենապետը, իսկ «Արմենական» ՌԱԿ-ի ատենապետ հռչակված Արմեն Մանվելյանի մասով էլ նշեց, որ նա ՌԱԿ անդամ երբեք չի եղել, միայն 10 տարի առաջ վարձու հիմունքներով աշխատել ՀՌԱԿ նախընտրական շտաբում:
Հարություն Առաքելյանը նաեւ նշեց, որ ՌԱԿ արտասահմանյան կառույցները աջակցում են ՀՌԱԿ-ին եւ որեւէ առնչության չունեն նոր կուսակցության հետ, իսկ ՀՌԱԿ-ի դեմ վարչապետի արշավանքը սկսվեց, երբ իրենք բարձրաձայնեցին վարչապետի եւ նրա մտերիմների կողմից բյուջեի թալանի մասին: ՀՌԱԿ ատենապետը նաեւ պատրաստվում է օրենքի շրջանակներում պայքարել ապօրինությունների դեմ, եւ թույլ չի տալու, որ «տարատեսակ բաշիբոզուկներ խաղան կուսակցության անվան, զինանշանի, հիմնի եւ այլնի հետ»:



















