ՀՀ ԱԺ պատգամավոր, ներկայումս հետախոզւման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը չի ներկայանալու իրավապահներին մինչեւ հուլիսի 31-ը: Սուքիասյանի պաշտպաններ Արթուր Գրիգորյանն ու Արա Զաքարյանն այսօր լրատվամիջոցներին են փոխանցել պատգամավորի հայտարարությունը:"Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որեւէ հանցագործություն չեմ կատարել եւ, բացի այդ` զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի որեւէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որեւէ փաստ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը եւ զրկանքներ եմ կրում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն աջակցելու` իմ, որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար",- նշել է Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանի պաշտպաններն իրենց հերթին նկատել են, որ միջազգային կառույցների, մասնավորապես` «Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից ձեռնարկված գործընթացը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասցվել եւ իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումը, ինքնին, չի նշանակում եւ չի կարող մեկնաբանվել իբրեւ այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն պարոն Սուքիասյանի եւ նրա գործընկերների նկատմամբ»: «Ուշ թե շուտ իշխանությունների առջեւ դրվելու է նաեւ ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը: Այսպիսով, պարոն Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ եւ կասկած չունի, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է»,- հայտարարել են Սուքիասյանի պաշտպանները:
Ի դեպ, NEWS.am կայքը դեռ երեկ հայտնել էր իր ընթերցողներին, որ Խաչատուր Սուքիասյանը չի ներկայանա իրավապահներին մինչեւ հուլիսի 31-ը:



























