Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանի մեկուսացման մասին թեզն ընկած է ադրբեջանական քարոզչության հիմքում: «Մեկուսացած Հայաստանը, ապագայում ստիպված է լինելու խոնարհվել Ադրբեջանի առաջ, որը դարձել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ». Ահա ադրբեջանական առաջատար զանգվածային լրատվամիջոցների հիմնական սյուժեն: Եվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ելույթը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մոսկովյան հանդիպումից հետո տեղավորվում էր հենց այդ սյուժեի մեջ: «Եթե Հայաստանն ամբողջությամբ ընկալի Ադրբեջանի առաջընթացը տնտեսության եւ ռազմական շինարարության մեջ, ապա Ղարաբաղի հարցում պայմանավորվելը հեշտ կլինի»,- հայտարարել է նա: Միաժամանակ անաչառ վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը լրիվ կարող է իրեն վերագրել «մեկուսացած երկրի» աննախանձելի դերը: Ավելին, թվում է արդեն վերագրում է…
Առաջին, բավականին անսպասելի ու շատ խիստ հարվածը Ադրբեջանի տեղեկատվական ռազմավարությունը ստացավ Թուրքիայից: Հայ-թուրքական հաշտեցման եւ ՀՀ պետական սահմանների ապաշրջափակման մասին սյուժեն սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ադրբեջանական տեղեկատվական ինդուստրիայի ներկայացուցիչների համար, ովքեր տաքացել էին իրենց սեփական խորիմաստ երեւակայության հետեւանքով:
«Ճանապարհային քարտեզի» ստորագրման, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկաթգծի հնարավոր վերագործարկման, Աբդուլա Գյուլի Երեւան այցելության, Շվեյցարիայում կայացած բանակցությունների ու ՀՀ նախագահի Թուրքիա այցելելու հրավերի մասին տեղեկությունները խախտեցին հակահայկական քարոզչության ողջ տրամաբանությունը: Դրանք ոչ մի կերպ չէին տեղավորվում այդ տրամաբանության մեջ: Ավելին, խախտվել էին նաեւ այլ սյուժետային ուղիներ, ինչպիսին է օրինակ Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանա-թուրքական տանդեմը կամ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը:
Ադրբեջանցի լրագրողներն անգամ սկսել են ավելի քիչ գրել, մասնավորապես, հայերի ցեղասպանության մտացածին լինելու մասին, չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսությունից առաջ այդ հարցում նրանք իրենց ջանքերով նույնիսկ ետ էին թողնում իրենց թուրք գործընկերներին: Այսպիսով, Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը նոկդաունի մեջ է գցել Ադրբեջանի պետական միջոցներից սնվող հակահայկական մեդիա-մեքենային:
Եվ սա միայն գործընթացի մի մասն է: Առաջադեմ երկրների կողմից աջակցության արժանացող հայ-թուրքական երկխոսությունը տարաձայնություն է մտցրել նաեւ ադրբեջանցի քաղաքական գործիչների շրջանում: Մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների հիստերիային, արտաքին քաղաքականության մեջ ու ԼՂ բանակցային գործընթացում նրանց կտրուկ շարժումներին: Արդյունքում, Ադրբեջանը լուրջ ալիք բարձրացրեց սկզբում՝ տարածաշրջանային, ապա նաեւ միջազգային մակարդակում: Թուրքիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից Իլհամ Ալիեւի հրաժարվելը, խաղարկված մերձեցումը Մոսկվայի հետ, հույսը, թե Մոսկվային էլ կթողի ձեռնունայն, ձգտելով անմասն չմնալ «Նաբուկո» նախագծից, ԱՄՆ-ի բարեհաճությունը շահելու համար Իրանի անվտանգության դեմ ուղղված կոպիտ մարտահրավերը. Ահա սա է ադրբեջանական արտաքին քաղաքականության իրական դեմքը:
Այդ քաղաքականության արդյունքներն արդեն ակնհայտ են. Դա նյարդայնությունն է, որով Թուրքիան արձագանքում է Ադրբեջանի կամակորություններին, ու որը փաստացի խոչընդոտում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ նրա երկխոսության զարգացմանը, դա վտանգն է, որ զգում են Թեհրանում, ետ կանչելով Բաքվից իրենց դեսպանին` Շիմոն Պերեսի Բաքու այցելությունից հետո, դա Թուրքմենստանի նախաձեռնած դատական հայցն է ընդդեմ Ադրբեջանի, որը հասկանում է, որ իրեն ուղղակի թալանում են:
Վրաստանի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է: Ադրբեջանը, որը Վրաստանին դիտում է որպես միջանցք դեպի Թուրքիա, շահագործում է նրա տարածքը, ինչպես սեփականը: Օգտվելով Մոսկվայի ու Թբիլիսիի վատ հարաբերություններից, Ադրբեջանն ավելի լավ բան չի գտել, քան վրացական կողմին էներգակիրներ վաճառել ավելի բարձր գնով, քան ռուսականն է, գումարած գործողությունների լիակատար ազատություն Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանում` ադրբեջանական գրականության մատակարարում, աջակցություն մաքսանենգությանը եւ այլն: Միխայիլ Սահակաշվիլիի վերջին այցելությունը Հայաստան ցույց տվեց, որ վրացի ղեկավարները մտադիր չեն այլեւս դա հանդուրժել ու ավելի արդյունավետ քաղաքականություն կվարեն Երեւանի հետ հարաբերություններում:
Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա այստեղ եւս գուշակել են ադրբեջանական մանր «խորամանկությունները»: ՎՈՒԱՄ-ի անդամ հանդիսացող երկիրը փորձում է ԼՂ հարցում ունենալ Ռուսաստանի բարեհաճությունը` տարեկան ընդամենը 500 միլիոն խմ գազի դիմաց: Այդպիսի խայծերը Կրեմլում վաղուց արդեն ոչ ոք կուլ չի տալիս:
Այսպիսով, Ադրբեջանը, կորցնելով Թուրքիայի ու Վրաստանի վստահությունը, Աշգաբադի դատական հայցերի արդյունքում դուրս մղվելով կասպյան ավազանից եւ ապրելով Իրանի նշանառության տակ, դանդաղ, բայց հետեւողականորեն գնում է ինքնամեկուսացման: Իսկ Հայաստանի հետ սահմանը, որը Ադրբեջանը տարեցտարի վերածում է լիարժեք ճակատային գծի, այստեղ կուտակելով ավելի ու ավելի սպառազինություններ, արդյունքում դառնալու է Ադրբեջանի մեկուսացման հիմնական ու բացարձակապես անանցանելի գիծը:



























