Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ Բելառուսը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը՝ հաշվի առնելով, որ դրանից է կախված նաեւ Բելառուս-Արեւմուտք հարաբերությունները: Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Բրեստում ռուս-բելառուսական բանակցությունների արդյունքներն ամփոփելու ժամանակ:
«Արեւմտյան հանրության հետ Բելառուսի նորմալ հարաբերությունները դրան արժեն»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ հիմա ճգնաժամ է, իսկ ԱՄՀ-ն վարկեր է տրամադրում, այդ թվում՝ նաեւ Բելառուսի տնտեսությանը:
Միաժամանակ, նա նկատել է, որ Մոսկվայում ավելի արագ արձագանք էին սպասում Բելառուսից՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու հարցում: «Ռուսաստանում սպասում էին, որ Բելառուսը արագ ու արդյունավետ կպաշտպանի մեզ այդ հարցում: Այո, դա տեղի չի ունենում, եւ մենք դա տեսնում ենք», ասել է ՌԴ վարչապետը:
Պուտինը ընդգծել է նաեւ, որ ինքը երբեք Բելառուսի ղեկավարության առաջ հարց չի դրել անպայման ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան: Այդ խոսակցությունը եղել է Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ:



















