Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 26-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների եւ հասարակական գործիչների:
ԼՂՀ ԱԳն մամուլի ծառայությունից հայտնում են, թե Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին եւ ընդգծել նման այցելությունների կարեւորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի եւ նրանում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ եւ անաչառ պատկերացում ձեւավորելու գործում։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը եւ պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին եւ ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին:





























