Ժամանակակից Թուրքիայի տարածքում հնագետները հայտնաբերել են շան թաթերի՝ շուրջ 4 հազար տարվա հնության հետքեր, որոնք պահպանվել են բրոնզի դարի կավե աղյուսի վրա, հաղորդում է Anadolu-ն։
Գտածոն հայտնաբերվել է երկրի արևմուտքում՝ Քյութահյա նահանգում գտնվող Թավշանլը-Հյոյուք հնավայրի պեղումների ժամանակ, հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Շունն անցել է թաց աղյուսի վրայով, նախքան այն կհասցներ չորանալ արևի տակ։ Ավելի ուշ այդ շինանյութն օգտագործվել է տան պատը կառուցելիս։ Շենքն ավերվել է հրդեհից, իսկ աղյուսը մնացել է փլատակների տակ, ինչի շնորհիվ հետքերը պահպանվել են մինչև մեր օրերը։
«Թաթերի հետքերը պահպանել են չորս հազար տարի առաջվա առօրյա կյանքի մի փոքրիկ դրվագ»,- նշել է Էրսոյը։
Ըստ նրա՝ Թավշանլը-Հյոյուքի պեղումները թույլ են տալիս հայտնաբերել ոչ միայն հնագույն կառույցներ ու արտեֆակտներ, այլև մարդկանց առօրյա կյանքի անսպասելի վկայություններ։
Բնակավայրի տարածքում պեղումներն իրականացվում են 2021 թվականից՝ պրոֆեսոր Էրքան Ֆիդանի ղեկավարությամբ։ Թավշանլը-Հյոյուքը համարվում է Արևմտյան Անատոլիայի բրոնզեդարյան խոշորագույն բնակավայրերից մեկը։ Արտասովոր գտածոն հնագետներին հազվադեպ հնարավորություն է ընձեռում տեսնելու հնագույն քաղաքի կյանքից մի պատահական դրվագ՝ հազարավոր տարիներ առաջ այստեղով անցած կենդանու հետքերը։





























