ԱՄՆ-ն Հայաստանի հետ կարող է համագործակցել միջուկային անվտանգության ոլորտի տեսական մշակումների բնագավառում: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության (NNSA) արտակարգ իրավիճակների միջազգային վարչության եւ համագործակցության բաժնի պետ Վինսենտ Մաք-Քլելանդը: ԱՄՆ-ի պատվիրակությունը Երեւան էր ժամանել միջուկային անվտանգության հարցերով սեմինարին մասնակցելու համար:
«Սա հայ գործընկերների հետ համագործակցության իմ առաջին փորձն է: Նման միջոցառումները շատ կարեւոր եմ համարում: Փորձի փոխանակումը, պաշտպանության նոր տեխնիկաների քննարկումը միշտ էլ արդիական է: Կարծում եմ` մենք Հայաստանի հետ կարող ենք համատեղ աշխատանքներ իրականացնել այս բնագավառում», – հայտնել է Մաք-Քլելանդը:
Նա հավելել է, որ հետազոտությունները կարող են վերաբերել ոչ միայն ատոմակայանների շրջակա բնակչության պաշտպանությանը, այլեւ ճառագայթման ցանկացած աղբյուրից պաշտպանության ամբողջական հատվածի:
«Մենք նաեւ դաշտային հետազոտություններ կանցկացնենք, որտեղ կփորձարկենք ռադիոակտիվ դետեկտորների արդյունավետությունը», – հայտնել է NNSA-ի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչները Երեւանոմ են գտնվում միջուկային անվտանգության ոլորտում սեմինարին հայկական կողմի հետ համատեղ մասնակցելու շրջանակում:




























