Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից ժամանակակից զենքի խոշոր բաժին գնել: Սակայն պաշտոնական Սեուլը դեռ կասկածում է՝ զգուշանալով ինչպես Ռուսաստանի բացասական արձագանքից, այնպես էլ ուժերի հավասարակշռության հնարավոր խախտումից՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ Բաքվի եւ Երեւանի միջեւ առկա խնդիրը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», գրել է հարավկորեական «Հանգուլ Իլբո» թերթը՝ մեջբերելով երկրի խորհրդարանում առակա իր աղբյուրին:
Պարբերականի տեղեկություններով, Ադրբեջանը Կորեայից ցանկացել է գնել երկու սուզանավ, գծանավ, առեւտրական նավ, T-50 գերձայնային մարզական ինքնաթիռներ, աշխարհում լավագույններից մեկը հանդիսացող 155 մմ տրամաչափի K-9 ինքնաձիգ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կրակի կառավարման համակարգեր եւ այլն:Գործարքը կնքելու դեպքում նրա ընդհանուր արժեքը կկազմի 3 մլրդ դոլարից ոչ պակաս գումար: Ողջ այս զինամթերքը առաջին հերթին Բաքվին հարկավոր է Երեւանի հետ այս պահին Հայաստանի հսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածական հակամարտության համար:Բոլոր այս առաջարկությունները հասել են Հարավային Կորեայի կառավարությանը, որն, ընդ որում, առայժմ չի շտապում բանակցություններ սկսել: Պատճառները մի քանիսն են: Նախ, զենքի նման խոշոր չափի ներկրումը կարող է տարածաշրջանում փոխել ուժերի հավասարությունը եւ ընկալվել որպես տարածքային վեճում Բաքվի կողմից Սեուլի վարած «խաղ», որին մասնակից հարավկորեացիները դառնալ չեն ցանկանում:
Իրենք կորեական զինարտադրողները կցանկանային զենքի նման մեծ չափի արտահանում կազմակերպել, որը ոչ միայն թույլ կտա հսկայական չափի գումար աշխատել, այլ նաեւ կամրապնդի Հարավային Կորեայի դիքրը՝ որպես սպառազինության համաշխարհային մատակարար: Սակայն, հարավկորեական ԱԳՆ-ը առհասարակ բացասաբար է վերաբերում Ադրբեջանին զենք վաճառելուն՝ խորհուրդ տալով Կորեայի պաշտպանության նախարարությանը «ցուցաբերել հատուկ զգուշավորություն եւ զսպվածություն»:Թերթը նաեւ նշում է, որ Սեուլի զգուշության համար կա մեկ այլ պատճառ: Նա չի ցանկանում կորցնել առկա հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը տարածաշրջանում իր հատուկ հետաքրքրություններն ունի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում սեփական դիրքորոշումը:





























