Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխարհից պահանջել է պահպանել Իրանի՝ ատոմային տեխնոլոգիաների զարգացման իրավունքը՝ անհիմն համարելով լուրերը, թե Իսլամական հանրապետությունը փորձում է ատոմային ռումբ ստեղծել, հաղորդում է MIGnews-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպումից առաջ ելույթ ունենալով BBC-ով՝ Թուրքիայի վարչապետը հետաքրքրվել է, թե ինչու Իսրայելի պես երկրները չեն բախվում միջազգային հանրության դիմակայությանը՝ ատոմային սպառազինությունների առումով, մինչդեռ Թեհրանին նման պահանջներ են ներկայացվում:

«Կարծում եմ՝ Իրանը բնական իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան քաղաքացիական նպատակներով»,- նկատել է Էրդողանը: Նրա կարծիքով՝ երկրները, որոնք ատոմային զենք ունեն, չպետք է այլ երկրների դիմեն «բայց դուք իրավունք չունեք ատոմային զենք արտադրել» խոսքերով։

«Վերցնենք Իսրայելը: Իսրայելն ատոմային զենք ունի: Ինչու մյուս երկրները չեն նախազգուշացնում Իսրայելին՝ ատոմային զենք ունենալու համար, բայց իրենց թույլ են տալիս նման կերպ վարվել Իրանի հանդեպ»,- վրդովվել է Թուրքիայի վարչապետը: