Երեւանում մեկնարկել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:
Օգոստոսի 26-ին միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբերը քննարկել ենն նիստի արձանագրության նախագծի կետերը:
Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի եւ Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի հանդիպումը:
Հանձնաժողովի պլենար նիստը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 27-ին` Արմենիա-Մարիոթ հյուրանոցում` Էռատո սրահում:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները կամփոփեն նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգնգով բելառուսական տեխնիկայի մատակարարման խնդիրները, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության, առողջապահության, գիտության եւ կրթության, մշակույթի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջմարզային կապերի խորացմանն առնչվող բազմաբնույթ հարցեր: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Վահրամ Ավանեսյանը եւ Միխայիլ Ամելյանովիչը կստորագրեն համապատասխան արձանագրություն, որում կամրագրվեն նիստի ընթացքում ընդունված որոշումները:
Բելառուսական պատվիրակության համար նախատեսված մշակութային ծրագրով օգոստոսի 28-ին հյուրերը կայցելեն Սուրբ Էջմիածին:





























