Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական հզորության գումարային ծախսերը կազմում են առնվազն 600 միլիոն դոլար, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Պարբերականի տվյալներով, չնայած ԱՊՀ երկրների ազգային համախառն ներքին արդյունքի 7 տոկոսի չափով գումարային նվազմանը, նրանց ռազմական ծախսերը դոլարային համարժեքով 2009-ի համեմատ աճել են 5 տոկոսով, իսկ 2008-ի համեմատ` գրեթե 15 տոկոսով:
Սպառազինությունների մրցավազքում առաջատարները Վրաստանն է (ՀՆԱ 4, 56 տոկոս), Հայաստանը (4,07), Ադրբեջանը (3,95), Ուզբեկստանը եւ Ուկրաինան (3,5-ական): Ընդ որում, ուշագրավ է, որ մրցավազքի առաջատարներից միայն Ադրբեջանն ու Ուզբեկստանն են 2009թ. տնտեսական աճ գրանցել, իսկ մյուս երկրներում նկատվել է ՀՆԱ անկում: Հայաստանում, ի դեպ, այդ անկումն ամենաբարձրն է ողջ ԱՊՀ մակարդակով՝ գրեթե 15 տոկոս:
Նշենք, որ տվյալները հաշվի չեն առնում մի շարք երկրների ռազմական հզորությունը, նաեւ դաշնակիցներին աջակցելու ծախսերը: Օրինակ, Հայաստանի ռազմական հզորությունը լրացնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը: Արդյունքում Հայաստանի եւ չճանաչված հանրապետության գումարային ծախսերը, փորձագետների գնահատականներով, 600 միլիոնից պակաս չեն: Եւ դա հասկանալի է, քանի որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը մեռյալ կետից չի շարժվում, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ հայտարարել է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին:
Ադրբեջանի նավթադոլարներն ու ռազմական արդյունաբերությունը, նաեւ վերջին տարիներին ստեղծված մոբիլիզացիոն ռեզերվը երկրի ղեկավարությանը ռազմական գործողությունների սկսման դեպքում թույլ են տալիս ավելի ընդլայնել իր ռազմական պոտենցիալը, որը գնահատվում է 3-4 մլրդ դոլար (ՀՆԱ 9-10 տոկոսը): Պատահական չէ, որ դրանով անհանգստանում է ԵԱՀԿ-ն, որը հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է կրճատի իր ռազմական բյուջեն:



















