Այսօր` մարտի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղում Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու վերկանգնման հարցի վերաբերյալ վիճաբանել են Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու Արտաշատի հոգեւոր հովիվ Տեր-Մխիթար Ալոյանը:

Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը ընդգրկված է եղել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկի մեջ, սակայն հետո հանվել է ցանկից եւ կառավարության որոշմամբ տարածքը տրամադրվել է Եկեղեցուն:

Ըստ հայ ճարտարապետների, մշակույթի գործիչների՝ այդ դահլիճը ճարտարապետական բարձր արժեք ունեցող կառույց է, և քանդելն ուղղակի բարբարոսություն կլինի։ «Այդ կառույցը ցուցակից հանելը կատարվել է օրենքի խախտումով՝ անօրեն։ Երբ որևէ շինություն ընդգրկվում է այդ ցուցակի մեջ, փորձագիտական հանձնախումբը՝ ճարտարպետները, հնագետները, որակավորում են տվյալ հուշարձանը կամ շենքը։ Նույն գործընթացով էլ ցուցակում ընդգրկված կառույցը հանվում է, սակայն նման գործընթացը մշակույթի նախարարության կողմից պահպանված չէ»,-նշել է Մինասյանն ու հավելել. «Մենք բազում խնդիրներ ունենք, որոնք հապշտապ որոշման կարիք ունեն, բայց դրանք մնում են երկար ժամանակ չլուծված։ Բայց այս խնդիրը շատ հանկարծակի, ուղղակի կայծակնային արագությամբ բարձրացվեց՝ չխորհրդակցելով ոչ մի մասնագիտական ընկերության հետ»:

Իսկ ահա Արտաշատի հոգևոր հովիվ Տեր-Մխիթար Ալոյանը, կարծիք է հայտնել, որ եթե այդ կինոդահլիճի տեղում կաբարե կառուցվեր, ապա ոչ ոք ձայն չէր հանի, և այս ողջ աղմուկը ուղղորդված է ու Եկեղեցու դեմ է աշխատում։ «Ես հարց եմ ուղղում ձեզ՝ էլ ավելի մեծ ճարտարապետական արժեք չէ՞ր Երիտասարդական պալատը, որ ոչնչացվեց, կամ՝ այլ հուշարձաններ։ Ինչո՞ւ չբողոքեցիք, երբ Բանվորի արձանը հանվեց, երբ Լենինի արձանը հանվեց։ Ինչո՞ւ։ Հիմա եկեղեցին կրթում-դաստիարակում է մարդու հոգին։ Ինչո՞ւ եք դեմ դուրս գալիս։ Այդ նույն ֆիլմը կարելի է դիտել նաև ձմեռային դահլիճում՝ օդափոխությունն ապահովելով»,-նշել է նա։

Նկատենք, սակայն, որ հայ հասարակությունը նույնպիսի աղմուկ էր բարձրացրել նաեւ այն ժամանակ, երբ քանդվում էր Երիտասարդական պալատը, սակայն դա ոչ մի օգուտ չտվեց: