Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցակի բացարձակ առաջատարը «ԱրմենՏել» ընկերությունն է (ապրանքանիշը Beeline), որի տրամադրած IP-ներով հայկական կայքեր այցելությունների բաժինը կազմում է 38.48%: Այս մասին նշված է Circle.am, Բիզնես24 ընկերությունների պատրաստած «Ինտերնետը Հայաստանում» զեկույցում, որտեղ Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցանիշները որոշված են պրովայդերների եւ AMNet ցանցին միացած այլ ընկերությունների IP-ներից` փետրվար ամսվա ընթացքում Circle.am-ում գրանցված կայքեր այցելությունների հիման վրա: Զեկույցը կազմվել է այս տարվա փետրվար ամսվա տվյալների համաձայն։ «ԱրմենՏելի» առաջատար լինելու փաստը, ըստ զեկույցի, պայմանավորված է dial-up եւ ADSL (Hi-Line) ծառայություններով։ Համաձայն վերլուծության «ԱրմենՏել» բջջային ինտերնետի ծավալները գրեթե համապատասխանում են ընկերության մրցակիցներ` Vivacell-MTS-ի եւ Orange-ի նույն ծառայության ծավալների մակարդակին` 11-12%: Ըստ զեկույցի՝ տասնյակի երկրորդ հորիզոնականում է «Orange-Արմենիա»-ն (12.27%): «Orange»-ին գործունեության 3 ամիսների ընթացքում հաջողել է միայն բջջային ինտերնետի հաշվին բավականին տպավորիչ ցուցանիշ արձանագրել: Circle.am-ի տվյալներով՝ երրորդ տեղում է «Vivacell-MTS»-ը, որի բաժինը կազմում է 11.69%: Ըստ զեկույցի՝ առաջատար բջջային օպերատորին դեռևս չի հաջողվում ստանձնել նաեւ բջջային ինտերնետի առաջատարի դիրքը: Ընդհանուր առմամբ նշված երեք ընկերություններին բաժին է ընկնում այցելությունների 62.44%-ը, իսկ բջջային ինտերնետի բաժինը կազմում է մոտավորապես 33-35%:
Զեկույցի համաձայն՝ չորրորդ տեղում է ADC ընկերությունը՝ 7.76% մասնաբաժնով, որին հաջորդում է «Arminco»-ն` 6.83%: Տասնյակում են նաեւ «Cornet», «iCON», Ucom, «Web» ընկերությունները։ Առաջին տասնյակը եզրափակում է «Bionet» ընկերությունը։



















