Վրաստանի վերաքաննիչ դատարանում հուլիսի 22-ին կայացել է ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ եղբոր գործերով դատական նիստը։

Դատալսմանը ներկա «Երկիր» միության դիտորդներն արձանագրել են ջավախահայ քաղբանտարկյալների իրավունքների բազմաթիվ խախտումներ, մասնավորապես.

«ա) դատարանի նախագահ Թամարա Ալանիան խիստ կողմնակալ վերաբերմունք էր դրսեւորում Վահագն Չախալյանի նկատմամբ, ջավախահայ քաղաքական ակտիվիստին ուղղված իր հարցերով ակնհայտորեն ցույց տալով, որ իր համար Վահագն Չախալյանի մեղավոր լինելն արդեն իսկ ապացուցված է:

բ) Դատարանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած գրեթե բոլոր միջնորդությունները, այդ թվում` ներկա լրագրողներին ձայնագրել թույլ տալու, գործի դրվագներից մեկի առանցքային դերակատարներ` Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին եւ նրա որդուն դատարան հրավիրելու եւ հարցաքննելու, Վահագն Չախալյանի տանը եւ նրա ղեկավարած կազմակերպությունում խուզարկության ընթացքում իբր հայտնաբերած զենքի մատնահետքաբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությունները:

»Երկիր" միությունն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ցուցաբերում է կողմնակալ եւ խիստ ժխտական մոտեցում Վահագն Չախալյանի նկատմամբ, իսկ այն, ինչ տեղի է ունենում դատարանի դահլիճում, լոկ ջավախահայ ակտիվիստի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի իրավական «վավերացում» է:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Վահագն Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը դատապարտվել է 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ եղբայրը՝ Արմեն Չախալյանը 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքի: