Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի հաշվետվությունը: Մարզպետն իր խոսքում որպես խնդիր կարեւորել է մարզի դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի համալրման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման օրինականությունն ու թափանցիկությունը: Իր ելույթում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ոլորտի հիմնական խնդիրներին ու կրթական բարեփոխումներով պայմանավորված պահանջներին: Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները դրական անդրադարձ են ունեցել կրթության որակի վրա ՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Կրթության բարեփոխումների նոր փուլը համընկավ միջազգային տնտեսական ճգնաժամի հետ, ինչը, պետք է խոստովանել, բազմաթիվ չնախատեսված խոչընդոտներ առաջ բերեց: Այնուամենայնիվ, մենք կարողացանք հաղթահարել առաջին ամենաբարդ փուլը եւ շարունակել բարեփոխումների դժվարին, սակայն այլընտրանք չունեցող գործընթացը: Այսօր շատ դժվար է աշխատել որպես մանկավարժ. փոխվել են ժամանակները, դասագրքերը, ծրագրերը, աշակերտի ու ծնողի պահանջները: Ուսուցչի առջեւ դրված է պետության կողմից մշակված կրթական ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության եւ վերապատրաստումների մշտական գործընթաց»:
Նախարարի խոսքով միշտ չէ, որ ուսուցիչները պատրաստ են ընդունել նման պատասխանատվություն՝ շատ դեպքերում նախընտրելով մնալ դիտորդի դերում: Մասնավորապես նախորդ տարի ՀՀ ԿԳՆ-ի կողմից փոխվել է դասագրքերի հրատարակման կարգը. դրանք նախապես փարձարկվում են եւ ուղարկվում դպրոցներ՝ մասնագիտական գնահատական ստանալու նպատակով:
«Նախորդ տարվա ընթացքում հանրապետության 90 դպրոցներից, այդ թվում նաեւ Կոտայքի մի շարք դպրոցներից, ԿԳՆ-ն ստացել է ձեւական պատասխաններ»,- նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ հետագայում, երբ դասագրքերը դպրոց են մտնում, որակի հետ կապված սովորաբար դժգոհություններ լինում են:
Նախարարը նշել է, որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը մանկավարժական կադրերի անհամաչափ բաշխվածությունն ու գերբեռնվածությունն է, ինչը որպես կանոն բացասական է անդրադառնում նաեւ կրթության որակի վրա: «Հեռավոր գյուղերում մենք ունենք մանկավարժների պակաս, այնտեղ որպես կանոն մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, մինչդեռ քաղաքային համայնքներում պատկերը ճիշտ հակառակն է՝ մեկ դրույքը բաժանվում է մի քանի ուսուցիչների միջեւ: Արդյունքում ուսուցիչը վարձատրվում է ցածր եւ չի ունենում սոցիալական խթան, ավելի արդյունավետ աշխատելու: Խնդրի կարգավորումը դպրոցների ու մարզպետարանների գործառույթի շրջանակում է: Իմ պահանջն է, որ վերաբաշխումները կատարվեն ճիշտ ու անաչառ, միակ չափորոշիչը պետք է լինի մանկավարժի պրոֆեսիոնալիզմը, ոչ թե հարեւան-ծանոթ-բարեկամ սկզբունքը»- դիմելով խորհրդակցության մասնակիցներին ասել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտության արդյունքներով 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում: Երկրորդ տեղում Ավստրիան է՝ 3 անգամ պակաս ցուցանիշով: «Մեր դպրոցներում ուռճացված է ինչպես մանկավարժների թիվը, այնպես էլ սպասարկող եւ վարչական անձնակազմերի թիվը: Խնդրի լուծման համար մենք ունենք երկու ճանապարհ. առաջինը՝ ոչինչ չանել եւ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, երկրորդը՝ ընտրում ենք լավագույն մասնագետներին, նրանից պահանջում ենք որակ եւ վճարում ավելի արժանապատիվ: Կրթության ոլորտը չի կարող իր վրա սոցիալական մեծ բեռ վերցնել, մեր հիմնական խնդիրը որակի ապահովումն է, իսկ դրան հասնելու համար, ցավոք, ստիպված ենք գնալ նաեւ ոչ «պոպուլյար» քայլերի: Ես, իբրեւ նախարար դրան պատրաստ եմ»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ 2014-ին նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում:





























