«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է մադրիդյան նորացված սկզբունքները՝ մի քանի բացառություններով, եւ մենք շարունակում ենք այդ տեսակետին մնալ: Ներկայումս Հայաստանը պետք է պատասխան տա այդ սկզբունքներին, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումն արդեն հայտնի է»,- նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը, մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրում է բանակցային գործընթացի էությունն ու բովանդակությունը:
Փոլուխովի խոսքով, ադրբեջանական կողմը միայն կրկնում է սկզբունքները, որոնք կան հայկական կողմի մասնակցությամբ պատրաստված փաստաթղթում: Անդրադառնալով բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությանը, նա նշել է, որ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները որոշակի փուլում կարող են մասնակցել բանակցություններին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր Փարիզ այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել ուշադրություն դարձնել «Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող շարունակական ջանքերին»՝ ընդգծելով, որ «դա բացասաբար է ազդում բանակցությունների մթնոլորտի վրա եւ խոչընդոտում է առաջընթացի ձեռքբերմանը»:



















