ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի դահլիճում կայացած իր ելույթի զգալի մասը նվիրել է Երեւանի տարածաշրջանային քաղաքականությանը, Կովկասում տիրող իրավիճակին, որը նա որակել է իբրեւ Երկրագնդի ամենաթեժ կետ, հայտնում է «Deutsche Welle»-ն։

ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային անվտանգությունը Երեանի համար միշտ առաջնահերթություն է եղել, եւ որ Երեւանը հանդես է եկել վեճերի, այդ թվում՝ տարածքային, խաղաղ կարգավորման դիրքերից։

Պատասխանելով ռուս-վրացական հակամարտության մասին հարցին՝ հայ նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանին կապում են ռազմավարական դաշնակցի, իսկ Վրաստանի հետ՝ բարիդրացիական հարաբերությունները։

«Հենց այդ պատճառով մենք ունենք որոշակի պարտավորություններ ե՛ւ որպես Ռուսաստանի դաշնակից, ե՛ւ որպես Վրաստանի բարի հարեւան։ Եւ մենք Վրաստանից հետո երկրորդ երկիրն ենք, որը թե՛ տարածաշրջանի, եւ թե՛ աշխարհի բոլոր երկրներից շատ է շահագրգռված Վրաստանի կայունության ու անվտանգության հարցում։ Հենց այդ պատճառով Հայաստանը մոդերատորի դեր է ստանձնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,- հայտարարել է Նալբանդյանը։

«Deutsche Welle»-ի հավաստմամբ Երեւանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրրները Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերն են։

Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական գործընթացի կանգնած վիճակը Երեւանը նախկինի պես պայմանավորում է Բաքվի եւ Անկարայի անզիջողականությամբ, գրում է գերմանացի վերլուծաբան Գյունտեր Կնաբեն։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերութունների կարգավորմանը, ապա Նալբանդյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երեւանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես նախապայման առաջ չի քաշում, բայցեւ Անկարան չպետք է նախապայման դնի, որ Երեւանը հիշյալ պատմական փաստի ճշմարտացիությունը հարցականի տակ պետք է առնի։

ՀՀ ԱԳ նախարարի փաստարկներն առանց պատասխանի չեն մնացել։ Հազիվ է նա հասցրել ուշադրության համար շնորհակալություն հայտնել հավաքվածներին, դահլիճում սուր բանավեճ է սկսվել։ Իրենց պարտքն են համարել ելույթ ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչները։

Հատուկ ջանքեր է թափել մեջբերումներով, պարագրաֆներով եւ դատական հղումներով զինված թուրք դիվանագետը։ Սակայն ինչպես նշում է աղբյուրը, Նալբանդյանը պակաս պատրաստված չի եղել, եւ ինչ-որ պահի բանավեճը իսկական բանակցություններ է հիշեցրել, որոնք կարող էին ձգվել մինչեւ առավոտ եւ ոչնչով չավարտվել։

Ինչպես նկատել է Գյունտեր Կնաբեն, հակառակ թուրք դիվանագետի՝ նախարարի տոնը, տեմպը եւ բառապաշարը խիստ զուսպ եւ դիվանագիտական են եղել՝ զուրկ որեւէ ագրեսիայից։

Կնաբեի խոսքով, այս ռաունդում հաղթանակ է տարել հայ նախարարը, ով իր հանգստությամբ եւ անդրդվելիությամբ ընդգծել է ՀՀ կառավարության խաղաղասիրությունը եւ համբերությունը՝ միաժամանակ ոչ մի քայլ չնահանջելով իր դիրքորոշումից։