Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 16-ին հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»:

Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից է համարել Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ջերմ, բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգեւոր կապը:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքն ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անչափ կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Նա ողջունել է հայ առաքելական եկեղեցու ներկայությունը Ռուսաստանում, նաեւ նշել, որ ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր մեծապես ներգրավված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

ՀՀ նախագահը, Համայն Ռուսիո պատրիարքն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը մտքեր են փոխանակել հասարակության հոգեւոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերի, երկու քույր եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի խորացման վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ հոգեւոր ու բարոյական արժեքների ընդհանրություններն ավելի են սերտացնում հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերություններն ու ստեղծում համագործակցության լայն դաշտ: