Երեւանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակը, որի հորանում հայտնաբերվել էր քաղաքացու դի, փորձաքննություն չէր անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ վերելակի փորձաքննության ժամկետը լրացել էր եւ արդեն սեպտեմբերին այն պետք է փորձաքննություն անցներ:
Վերելակի հորանում հայտնաբերված քաղաքացին` 63-ամյա Հմայակ Ավագյանի այդ շենքի 6-րդ հարկի բնակիչներից է, ապրում է միայնակ: Բնակիչները ԱԻՆ աշխատակիցներին պատմել են, որ դեպքի օրը երեկոյան նա բարեկամի տնից տուն է վերադարձել ալկոհոլ օգտագործած, եւ երբ առավոտյան բարեկամները սկսել են հետաքրքվել, թե արդյոք վերջինս նորմալ է տուն հասել, թե ոչ, որոնել են եւ նրան հայտնաբերել են վերելակի հորանում: Իսկ թե ինչպես է տղամարդու դիակը հայտնվել վերելակի հորանում, ապա Վոլոդյա Հովսեփյանի խոսքով, հավանական վարկածն այն է, որ կամ նա վերելակում է մնացել եւ փորձել են վերելակի դուռը բացել ու հանել նրան, կամ էլ ինքն է փորձել իր ուժերով դուրս գալ վերելակից, բացել է վերելակի դռները, իսկ վերելակը գտնվել է երկու հարկերի մեջտեղում եւ ինքը ընկել է հորանը: Փորձագետը նշեց, որ վերելակը չէր պոկվել, 9-րդ հարկում է եղել: Վոլոդյա Հովսեփյանն ասաց, որ նշանակված է տեխնիկական քննություն, որի նախնական եզրակացությունը հայտնի կդառնա մյուս շաբաթ:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Գործով քննիչ Աշոտ Մխիթարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործը հարուցվել է ՔՕ-ի157-րդ հոդվածի 2-ին մասի հատկանիշներով: Իսկ այդ հոդվածով սահմանվում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եւ եթե այդ արարքը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Քննիչը նշեց, որ նշանակված են դատաբժշկական եւ տեխնիկական փորձաքննոթյուններ: Դատաբժշկական փորձաքննությունից պարզ կլինի, թե տղամարդու մահը ինչի հետեւանքով է առաջացել, իսկ տեխնիկական փորձաքննության արդյունքում պարզ կդառանա, թե աշխատանքի պաշտպանության կանոնները խախտվել են, թե ոչ եւ ում կողմից: Քննության ընթացքում կպարզվի նաեւ, թե վերելակը որ հարկից է ընկել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 29-ին, ժամը 13.09-ին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Փրկարարները հորանից դուրս են բերել նույն շենքի բնակիչ` 1950 թ. ծնված Հմայակ Ավագյանի դին:





























