Այսօր «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Հայկ Գեւորգյանը: Գեւորգյանը ազատ է արձակվել պատժաչափն ամբողջությամբ կրելուց հետո:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն), իբր 2008թ. հունվարին Թալինում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ իր քեռիների՝ Թալինի ԵԿՄ կառույցի ղեկավար Մկտրիչ Սափեյանի եւ «Հանրապետություն» կուսակցության Թալինի կառույցի ղեկավար Ժորա Սափեյանի հետ ծեծի է ենթարկել Սարգիս Կարապետյանին: Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմն ապացուցել էր, որ Կարապետյանն ինքն է սադրանք հրահրել, իսկ Սափեյաններն ու Հայկ Գեւորգյանն ընդհանրապես նրան չեն մոտեցել (տեսագրության մեջ էլ նրանք չեն երեւում), բայց դատարանը Հայկ Գեւորգյանին դատապարտել էր 1,6 տարվա, Մկրտիչ եւ Ժորա Սափեյաններին համապատասխանաբար 2 եւ 2,5 տարվա ազատազրկման: Նրանց վրա համաներման որոշումը չէր տարածվում, եւ Հայկ Գեւորգյանն ամբողջությամբ կրել է պատժաչափը: Քաղբանտարկյալին «Կոշ» ՔԿՀ-ի մուտքի մոտ դիմավորելու էին եկել ընկերները, ՀԱԿ ակտիվիստներ եւ այլոք:
«Պայքարելու եմ մինչեւ վերջ՝ ի գիտություն Սերժ Սարգսյանի: Պայքարելու եմ իմ քեռիների եւ իմ բոլոր քաղբանտարկյալ ընկերների ազատության համար»,- դուրս գալուն պես հայտարարել է Հայկ Գեւորգյանը:
Վերջինս նաեւ նշել է, որ ազատության առաջին օրը կանցկացնի հարազատների շրջապատում, իսկ վաղն անպայման կայցելի Սարյանի արձանի մոտ, որտեղ մշտապես հավաքվում են քաղաքական զբոսանքների մասնակիցները:



















