Հատուկ քննչական ծառայության սեպտեմբերի 2-ին կայացած ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունը նվիրված էր 2013 թվականի անցած 8 ամիսներին ծառայության կողմից կատարված աշխատանքներին, սկսվել է նորանշանակ քննիչների երդման արարողությամբ: Այնուհետեւ կատարված աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես է եկել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արտարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանը, ով հանգամանորեն ներկայացրեց քրեական գործերի, նյութերի, դիմում-բողոքների վիճակագրական տվյալները, անդրադարձավ ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ` բացթողումներին:
Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը, մտահոգիչ է համարել այն թերություններն ու բացթողումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակաշրջանում:
Ծառայության պետը կարեւորել է քննչական պրակտիկայում տեղ գտած բացթողումները սեղմ ժամկետում վերացնելու անհրաժեշտությունը եւ նշել, որ դրանք վերացնելու դեպքում ծառայությունը կարող է առավել արդյունավետ աշխատել:
«Որակի իմաստով Հատուկ քննչական ծառայությունը պետք է թերություններ չունենա, նախաքննությունը ծառայությունում պետք է իրականացվի պատշաճ մակարդակով եւ լիարժեք»,- ասել է Վ. Գ. Շահինյանը:
Ծառայության պետը, անդրադառնալով կոնկրետ քննիչների աշխատանքին, քննադատական դիտողություններ է արել նախաքննության ընթացքում անբարեխղճություն դրսեւորած աշխատակիցների հասցեին` սեղմ ժամկետներ սահմանելով անորակ քննության փաստերը բացառելու նպատակով: Վահրամ Շահինյանը, դրա հետ մեկտեղ, դրվատանքով է խոսել բարեխիղճ եւ մասնագիտական բարձր կարողություններ դրսեւորած քննիչների մասին:
Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունն ավարտվել է ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար աչքի ընկած առանձին աշխատակիցների խրախուսմամբ:




























