Երբեք մի մոռացեք, որ Արցախն ավելի շուտ է իր անկախությունը հռչակել, քան Հայաստանը. Հայաստանի անկախությունը արդյունք էր Սովետական միության փլուզման, Արցախինը՝ զինված ապստամության եւ ժողովրդի ազատատենչ մղումների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ անկախության օրվա առթիվ Երեւանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մեր պայքարը Արցախի ճանաչման համար է եւ մենք Արցախում զիջելու բան չունենք: «Տարիներ շարունակ մենք լուռ էինք մնում ձեզ հետ: Չէ՞ որ «տեղից հելած» նորելուկ քաղաքական գործիչները, քաղաքական դեմքերը, պետական այրերը մեկ էլ տեսար` արտասահամանում սկսեցին խոսել մեր զիջումների մասին: Դո՞ւք եք վերցրել, որ զիջեք: Վերցրել են հայ զինվորները, եւ հայ ժողովուրդն է միայն իրավասու որոշելու` որն է լինելու Հայոց զիջումը»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Իր հերթին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր ԱՐմեն Ռուստամյանը նշել է, որ այսօր թշնամու ախորժակը փակելու հնարավոր ձեւը պատերազմին մեր պատրաստ լինելն է:

«Ինչպե՞ս կարող ենք միավորվել` հաղթելու, բայց նույնը չանել հաղթանակը պահելու համար: Եթե դա չանենք, մեզ սերունդները չեն ների: Հաղթանակը պահելը այսօր նշանակում է Արցախյան այս շարժման նվաճումները պաշտպանել եւ հասնել կայուն խաղաղության մեր սերունդների համար»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է հասնել ազգային համերաշխության: