Ադրբեջանի եւ Ռուսաստանի դիրքորոշումների մերձեցումը բխում է Վրաստանի շահերից եւ Թբիլիսին բացարձակ չի խանդում իր դաշնակցին այդ հարցում: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վրաստանի «Հասարակական ծրագրերի կենտրոնի» կառավարման նախագահ, տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին: «Կարծում եմ, խանդը արտաքին քաղաքականության մեջ վատ խորհրդական է։ Վրաստանը նորմալ է վերաբերում Ադրբեջանի եւ Ռուսաստանի մերձեցմանը։ Չէ որ տարածաշրջանային կայունությունը շատ դեպքերում կախված է Ռուսաստանից, եւ եթե այդ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվում են՝ դա նաեւ Վրաստանի շահերից է բխում»,- ասել է Խուխաշվիլին, հավելելով, որ եթե վրացական իշխանությունների շրջանակներում որեւէ մեկը խանդով է նայում դրան, ապա դա նրա խնդիրն է։

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է հետագայում միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, Խուխաշվիլին պատասխանել է, որ այս հարցում Հայաստանի թեկնածությունը շատ ավելի տրամաբանական ու հավանական է թվում, քան Ադրբեջանի: «Հայաստանը հենց այն երկկիրն է, որը լավ հարաբերություններ ունի թե' Ռուսաստանի, թե' Վրաստանի հետ։ Եվ եթե խոսում ենք տարածաշրջանային միջնորդի մասին, ապա ավելի իրական է հայկական տարբերակը, քան ադրբեջանականը»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, փորձագետը նշել է, որ տարածաշրջանի ցանկացած հակամարտության կարգավորումը տարածաշրջանում բոլորի համար դրական ազդեցություն կունենա։ «Եթե դրանք ուղիղ երկկողմ բանակցություններ են եւ չեն կրում ինչ-որ գաղտնի կետեր, ապա, կարծում եմ, հայ-թուրքական մերձեցումը տարածաշրջանային ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ եղանակ կստեղծի, սակայն, եթե պայմանագիր կնքվի Վրաստանի շահերի հաշվին՝ դա, իհարկե, վատ է»,- հավելել է Խուխաշվիլին։