Հայաստանի եւ ԼՂՀ-ի վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Արա Հարությունյանը, սեպտեմբերի 3-ին, ԼՂՀ կառավարությունում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել՝ նվիրված պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման հարցերին:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են խնդրո առարկա հարցի արդյունավետ կիրառման մեխանիզմները: ԼՂՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող հանձնաժողովի նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է աշխատանքային ծրագրում նշված գործառույթների կատարման մասին տեղեկություններ:

Խորհրդակցությանը ՀՀ կառավարության ղեկավարի կողմից հայաստանյան համապատասխան կառույցների պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ` ԼՂՀ գործընկերներին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Երկու հայկական հանրապետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ նույն օրը տեղի ունեցած մեկ այլ խորհրդակցություն վերաբերում էր Արցախի գյուղատնտեսության բնագավառում առկա զարգացումներին եւ ոլորտի առաջընթացն ապահովելուն ուղղված առաջիկա ծրագրերին:

ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանն իր զեկույցում ներկայացրել է հանրապետության գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարիներին կատարված աշխատանքները` նշելով պետության կողմից իրականացված քաղաքականության հիմնական ուղղությունները եւ ոլորտի զարգացմանը նպաստող համալիր միջոցառումները:

Իր հերթին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարեւորել է հայաստանյան եւ արցախյան գործընկեր նախարարությունների ավանդական սերտ փոխգործակցության հետեւանքով ձեւավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունները, առանձնապես կարեւորելով ներկայումս համատեղ մշակվող պարենային անվտանգության հայեցակարգը:

Խորհրդակցությունների ավարտին ԼՂՀ եւ ՀՀ վարչապետների ներկայությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր` նվիրված երկու հայկական հանրապետությունների գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ բյուջետային բնագավառներում համագործակցության ընդլայնմանը: