Երեւանի ավագանու խորհրդի որոշմամբ կտեղադրվի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, այս որոշումը մարտի 18-ին կայացած Երեանի ավագանու խորհրդի նիստում ընդունվել է միաձայն: Նշենք, որ ակադեմիկոսի Հուշատախտակի վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է իր ընտանիքը:
Ռաֆայել Ղազարյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 26-ին Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում: 1951-ին ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտը: 1975 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է, 1978-ից` պրոֆեսոր: Անմոռանալի է հատկապես ակադեմիկոսի ներդրումը ռադիոֆիզիկայի զարգացման գործում: 1958 թվականին Ռաֆայել Ղազարյանը կազմակերպում է Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ամբիոնը, որը ղեկավարում է մինչեւ 1969 թվականը: Նրա անմիջական ղեկավարությամբ 1969-ին ստեղծվել ու շահագործման է հանձնվել Երեւան Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որը հայտնի է եղել աշխարհում: 1990-ին հիմնադրում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մաշտոց ճարտարագիտական կենտրոնը:
Ղազարյանը իր գիտական բեղուն գործունեությունը համատեղել է հասարակական ակտիվ գործունեության հետ: 1988-1990 թվականներին եղել է Ղարաբաղ կոմիտեի անդամ: 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի դեպուտատ:



















