Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ:
«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի եւ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների համար:
Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում:
Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների եւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես եւս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների եւ տարրերի հիման վրա:
Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:
Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա եւ՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, եւ՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի եւ հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:
Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, եւ ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում:
20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձեւավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձեւաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձեւավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է եւ անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:
Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակելու բարեփոխումները:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:
Վլադիմիր Վլադիմիրի,
Շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների համար:
































