«Հայազն» կուսակցությունը արձագանքելն է «Նախախորհրդարանի» հայտարարությանը, որտեղ նշվել է, որ «Հայազնի» անդամները ծեծի են ենթարկել «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանին:
«Հայազնի» հայտարարությունում ասվում է.
«Սույն տարվա սեպտեմբերի 2-ին մամուլում հրապարակվել է Նախախորհրդարանի հայտարարությունը, որտեղ ակտիվիստների հանդեպ ոստիկանության ճնշիչ գործողությունները անհեթեթ պատճառահետեւանքային կապերով եւ տրամաբանության տարրական կանոններին հակառակ տեղավորվել են Հայազնի անդամների կողմից Սարդարապատ/Նախախորհրդարանի անդամների դեմ իբր իրականացվող կանոնակարգված եւ նպատակաուղղված ճնշումների կողքին:
Այսպիսով, քաղաքացիական դիմադրության օջախները հավասարեցվում են «խեղճ» սարդարապատականների անձնական պահվածքի հետ կապված հնարավոր միջադեպերի, իսկ Հայազնը «անիծյալ վարչակարգի» հետ:
Վերին աստիճանի ծիծաղաշարժ եւ անտրամաբանական են սեփական գործունեությունը գերարժեւորելու նման ճիգերը:
Հայազնի վարչությունը, եւս մեկ անգամ հիշեցնում է իր սկզբունքային դիրքորոշումը ներկայիս վարչակարգի եւ քաղաքացիների հիմնական շահերն ու բնական իրավունքները ոտնահարող իշխանական բուրգի վերաբերյալ. այս վարչակարգը եւ դրա հիմքում ընկած համակարգը պետք է վերացվեն Ազգային Հեղափոխության միջոցով:
Վաղ թե ուշ այս անողոք պայքարի դաշտը կլքեն` այն գեղարվեստա-թատերական անիմաստ եւ ապաշնորհ արարների վերածող, հետապնդման մոլուցքի դրսեւորումները հանրությանը տեղի-անտեղի հրամցնող ուժերը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նախախորհրդարանը» հայտարարել էր հետեւյալը. «Հետապնդումների, սպառնալիքների եւ բռնության այս շարքի բարձրակետը դարձավ երեկ` սեպտեմբերի 2-ին, ժամը 17:45-ի սահմաններում Նախախորհրդարանի անդամ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա կատարված հարձակման դեպքը: Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը եւ Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երեւանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան»:





























