Մաքսային Միությանն անդամակցումը, ապա նաեւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է եվրոպական կառույցների հետ երկխոսությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը խորացրել է իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, որի արդյունքում բավական արդյունավետ բարեփոխումներ են իրականացվել: «Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատեց եվրոպական կառույցների հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին»,-ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Մաքսային Միության եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի միջեւ, Շարմազանովն արձագանքեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է հարցի նման դրվածքի անընդունելիության մասին: «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է եւ եվրաինտեգրմանը, եւ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացմանը »,-ամփոփեց ՀՀԿ մամուլի քարտուղարը: