ԱՄՆ-ում գանձեր որոնողները Ֆլորիդայի ափի մոտ օվկիանոսի հատակում 300 հազար դոլարի համարժեք իսպանական ոսկով սնդուկ են գտել:
Ռիկ Շմիթը, նրա կին Լիզան եւ երեխաներ Հիլարին ու Էրիկը գանձերով սնդուկը գտել են Ֆորտ-պիրս քաղաքի ափից 135 մ այն կողմ՝ 1715թ. Կուբայից Իսպանիա մեկնող իսպանական նավատորմի խորտակված 11 նավերի բեկորների մեջ:
Սնդուկում եղել է հինգ ոսկյա մետաղադրամ, ոսկյա մատանի, ոսկյա շղթաներ՝ ընդհանուր 20 մ երկարությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Fox News-ը:
Իսպանական խորտակված նավերի գանձերի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 400 մլն դոլարը: Արդեն հայտնաբերված գանձերի արժեքը 175 մլն դոլար է կազմում: 11 նավերի մնացորդների իրավունքները1715 Fleet - Queens Jewels LLC ընկերությանն է պատկանում, որը վճարի դիմաց ցանկացողներին թույլ է տալիս բախտը փորձել գանձեր որոնելիս:
Շմիթների ընտանիքը գանձերի որոնմամբ զբաղվում է արդեն երկար տարիներ: 2002թ. նրանք ջրից դուրս էին բերել արծաթյա հնագույն պնակ, որը 25 հազար դոլար էր գնահատվել: Մոտ 300 հազար դոլարի գանձ գտնելուց հետո ընտանիքը կստանա 120 հազար դոլար:





























