Բելգիացիների արքա Ալբերտ II-ը, ով հուլիսին հրաժարվել էր գահից՝ հօգուտ ավագ որդու, մտադիր չէ ճանաչել Դելֆինա Բոելի նկատմամբ հայրությունը, հաղորդել է միապետի փաստաբանը:

Նախօրեին Դելֆինա Բոելը, ով պնդում էր, որ նախկին միապետն իր կենսաբանական հայրն է, չեղյալ է հայտարարել նրա հանդեպ քաղաքացիական հայցը՝ հայրությունը ճանաչելու նպատակով:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Բոելը մտադիր է սեպտեմբերի 9-ին Բրյուսելի առաջին ատյանի դատարան նոր քաղաքացիական հայց ներկայացնել, որպեսզի դատարանի միջոցով հասնի ԴՆԹ-ի անալիզներ հանձնելուն եւ միապետի հայրությունն ապացուցելուն: Քանի որ նա արդեն զուրկ է անձեռնմխելիությունից, դատարանը կարող է ստիպել նրան ԴՆԹ անալիզ հանձնել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դելֆինայի մայրը՝ Բարոնուհի դը Սելի-Լոնգշամպսը մինչեւ 18 տարեկանը թաքցրել է նրա իրական հոր մասին տեղեկությունները: Միայն չափահաս դառնալուց հետո է Դելֆինան իմացել, որ միապետի արտամուսնական կապից ծնված երեխա է: