Կենսապարարտանյութերը չեն կարող ամբողջովին փոխարինել ազոտայինին: Այսօր՝ սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում այս մասին  լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Ըստ նրա՝ չհերքելով կենսապարարտանյութերի առավելությունը հանքայինների նկատմամբ, պետք է խոստովանել, որ առաջինների համար հումքն այնքան քիչ է, որ  Հայաստանի բոլոր ցանքատարածություններին կամ գոնե մեծ մասին այն չի բավականացնի: 

«Հայաստանի խոշոր տնտեսություններում 2 միլիոն գլուխ թռչուն է հաշվվում: Մոտավորապես 1 միլիոնը վանդակներում են պահվում, նույնքանն էլ՝ ազատ պայմաններում: Բնականաբար, հումքն արդյունավետ հավաքել կլինի միայն առաջիններից, քանի որ ազատ պայմաններում պահվող հավերի ծերտը խառնվում է հողին ու ավազին: Մեկ օրում մեկ հավից գոյանում է  100 գ  ծերտ: Միլիոնավոր գլուխների դեպքում դրա չոր քաշը կկազմի 36 հազար տ: Մանրացումը նվազեցնում է քաշը երեք անգամ՝ 12 հազար: Նման պարարտանյութը տրվում է մեկ հա-ին 3 տոննա: Ստացվում է, որ այն  կբավարարի միայն 4 հազար հա-ի, այն դեպքում, երբ Հայաստանում գյուղատնտեսական հողերի ընդհանուր մակերեսը  370 հազար է», – հայտնել է փոխնախարարը:

Այդ պատճառով էլ, հավելել է, նա, չպետք է մեղադրել գյուղատնտեսության նախարարությանը, որ նա սելիտրայի լոբբինգով է զբաղվում ՝ ի վնաս տեղական հումքով կենսապարարտանյութերի: