Բիոպարարտանյութերը Հայաստանում հաջողությամբ կփոխարինեն քիմիականներին: Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հանրային խորհրդի անդամ Ստեփան Խոյեցյանը, ով կազմակերպել է գրանուլացված թռչնաղբից պարարտանյութերի փորձնական արտադրություն:

Նրա կարծիքով՝ հումքի առկայության մասին գյուղնախարարության բերած թվերը նվազեցված են: «Որպես ելակետային հումք պետք է ընդունել ոչ թե 1 մլն գլուխ թռչուններին, ինչպես դա անում է գյուղնախարարությունը, այլ՝ 2: Սակայն դա էլ է քիչ: Ավելացրեք տնտեսության ստվերային հատվածը՝ 40 տոկոսի չափով: Ի վերջո, հաշվի առեք, որ Հայաստանը իրեն ընդամենը 12,4 տոկոսով է թռչնամսով ապահովում: Եթե այդ ցուցանիշը կարողանայինք հասցնել 50 տոկոսի, ապա կստանայինք 350 հազար տոննա հումք՝ պարարտանյութ ստանալու: Ահա թե ինչի է պետք ձգտել: Այլ ոչ թե նրան, որ ամեն ինչ ինքնահոսի թողել եւ մարդկանց ազոտային պարարտանյութ վաճառել»,-հայտարարել է Խոյեցյանը:

Նրա կարծիքով՝ կառավաությունը պետք է պարտավորեցնի տնտեսվարող սուբյեկտների մի մասին հանձնել մնացորդները՝ պարարտանյութ պատրաստելու: Դա կնպաստի դրանց արժեքը 1 կգ դիմաց գոնե 40 դրամով նվազեցնելուն եւ ազոտային պարարտանյութի համեմատ մրցունակությունը բարձրացնելուն: