Վրաստանում պաշտոնապես հայտարարվել է տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների անցկացման օրը։ Այն լինելու է մայիսի 30-ի։ Մարտի 18-ին այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարաթիշվիլին։ Նրա խոսքերով, նախօրեին ուժի մեջ են մտել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որով էլ որոշվում էր ընտրությունների անցկացման օրը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի խոսքով, մարտի 30-ին բոլոր կուսակցություններն արդեն պետք է ներկայացրած լինեն իրենց թեկնածուներին։ «Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ապահովեն միջազգային կազմակերպությունների ներկայությունը ընտրություններին։ Միայն ԵԱՀԿ-ի ժողովրդավարացման ինստիտուտից Վրաստան կայցելեն 400 դիտորդներ»,-նշել է նա։

ԱԺ նախագահը նաեւ ընդգծել է, որ ՏԻՄ ընտրություններին նրանք սպասում են նաեւ այլ միջազգայի կազմակերպությունների եւ առանձին երկրների ներկայացուցիչների ներկայությունը։

«Վրաստանի համար սա ժողովրդավարացման քննություն է, եւ մենք պատրաստ ենք այն լավ հանձնել»,-ընդգծել է Բաքրաձեն։