«Հայ-թուրքական գործընթացից Հայաստանը ոչինչ չշահեց, որովհետեւ հաշվարկներն ի սկզբանե սխալ էին արվել. ավելին, մտավ փակուղի, ինչի պատճառով այս գործընթացից մենք դուրս կգանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առավել թշնամական հարաբերություններով»,- մարտի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
Նրա խոսքով, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեջ հաշիվ չկա, քանի որ գնդակն այս դաշտից այն դաշտն է գնում, այն դաշտից այս դաշտ։ «Այս խաղում հաշիվ չկա. կա միայն ավելացող թշնամանք, ղարաբաղյան պատերազմի վերսկսման խնդիր եւ փակուղային իրավիճակ, որի մեջ Հայաստանը գնալով ավելի ու ավելի է խճճվում»,- նշեց Արամ Կարապետյանը՝ ավելացնելով, որ նման իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն քաղաքական նոր կուրսի հաստատմամբ ."Ընդ որում նոր ուժերը կարող են լինել իրենց գործի մասնագետները, ոչ թե մարդիկ, ովքեր այսօր կոշկակար են, վաղը՝ նախարար"։
Պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք այն կարծիքը, թե հայ-թոււրքական գործընթացից շահեց միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ցանկանում էր հաստատել իր լեգիտիմությունը, Ա. Կարապետյանը նկատեց. «Որքան էլ փորձ արվի այս կամ այն գործընթացով շեղել միջազգային հանրության ուշադրությունը, միեւնույնն է, այն, ինչ գոյություն չունի, չի կարող վերադարձվել։ Ինչ էին մտածում իշխանություններն այս գործընթացն սկսելուց առաջ. գուցե այս կերպ ուզում էին իշխանությո՞ւնը պահել»,- ամփոփեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը։



















