Վատիկանում մանկապղծությանն առնչվող հերթական սկանդալն է բարձրացել. Պաշտոնից ազատվել է Դոմինիկյան Հանրապետությունում Հռոմի պապի նվիրակ Յուզեֆ Վեսոլովսկին: Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ Վեսոլովսկի նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Ըստ լրատվամիջոցների՝ նվիրակը Սանտո Դոմինգոյի պատմական կենտրոնում փողի դիմաց սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս տղաների հետ: Վեսոլովսկին Դոմինիկյան Հանրապետությունում նվիրակի պաշտոնը զբաղեցնում էր վերջին հինգ տարիներին, մինչ այդ աշխատել էր Կենտրոնական Ասիայի երկրներում եւ եղել էր Հռոմի պապի նվիրակը Բոլիվիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հիմնական խնդիրը հոգեւորականների կողմից մանկապղծության դեպքերն են: Առաջին աղմկահարույց սկանդալը ծագել էր 2009թ. Իռլանդիայում, մանկապղծության մեղադրանք էր ներկայացվել մոտ 100 հոգեւորականների: Դրան հաջորդել էին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի տարբեր երկրներում կաթոլիկ հոգեւորականների կողմից մանկապղծության դեպքերի մասին նորանոր բացահայտումներ:





























