ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստվում է Վեհաժողովում բարձրացնել վրացական «Իմեդի» հեռուստաընկերության՝ Վրաստան ռուսական զորքերի ներխուժման մասին տարածած կեղծ տեսանյութի հարցը։
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, Պետդումային արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը, մարտի 18-ին նամակ է ուղարկել ԵԽԽՎ-ի զեկուցողներին, ովքեր ապրիլի 10-ին պատրաստվում են այցելել Վրաստան՝ 2008 թվականին Հարավային Օսիայում եղած իրադարձությունների մասին Վեհաժողովի նոր բանաձեւ պատրաստելու համար։
«Նամակում բացասական գնահատականներ է տրվում „Իմեդի“-ով ցուցադրված տեսանյութին։ Նշվում է, որ այսպիսի քաղաքականությունն ուղղված է հարաբերությունների ապակայունացմանը եւ նրանց վերականգման շուրջ պայմանավորվածությունների ձախողմանը»,-ասաց Կոսաչեւը։
Նա հույս հայտնեց, որ այս հարցը կքննարկվի Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանին, որտեղ ռուս-վրացական գործով ներկայացվելու է հերթական զեկույցը։
Հիշեցնենք, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը արտակարգ թողարկմամբ հաղորդել էր, թե իբրեւ «Ցխինվալիում ահաբեկչություն է իրականացվել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի նկատմամբ եւ թե դրանից հետո ռուսական զորքերը ներխուժել են Վրաստան»։ Այնուհետ հաղորդել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մահվան եւ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ նոր կառավարության ձեւավորման մասին։ Տեսանյութը զանգվածային խուճապ էր առաջացրել վրացիների շրջանում։



























