Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրության փակումը 2013թ. սեպտեմբերի 16-ին, որի կապակցությամբ սեպտեմբերի  6 - 15-ը ցուցադրության մուտքը «Սասունցի Դավիթ պարտեզի» սրահ կլինի անվճար:

«Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրությունը բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սույն թվականի մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա եւ Թանգարանային գիշերվա շրջանակներում:

«Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից» ցուցադրությունը ներկայացնում է փոփ արտի առաջին սերնդի վառ ներկայացուցիչների աշխատանքները. նրանց թվում են ամերիկացիներ Թոմ Ուեսելմանը, Ջեյմս Ռոզենքուիսթը, Ջիմ Դայնը, Ռոբերտ Ինդիանան, Լարի Ռիվերսը, Ռոնալդ Բրուքս Կիտայը, ինչպես նաեւ բրիտանացի Ալեն Ջոնսը: Փոփ արտը աճող արդյունաբերական եւ սպառողական հասարակության ներկայացումն էր, որն արտացոլում էր ամերիկյան առեւտրային մշակույթը պատկերների եւ նշանների խորհրդանշային համակարգում՝ առաջարկելով ամերիկյան կենսակերպի նոր տեսլական: Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու փոփ արտ ուղղության պատկերագրությունը՝ մատնանշելով եւ լույս սփռելով դրա հիմնական տարրերի վրա:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում եւ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ եւ կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000: